Հայրենական մեծ պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմն արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների: Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով:

Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը: Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի՝ համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը: ԱՄՆ-ն թեև պատերազմի առաջին փուլում պաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը:

Թեև 1939 թ-ի օգոստոսի 23-ին ստորագրվել էր խորհրդա-գերմանական 10 տարի ժամանակով չհարձակման պայմանագիր, սակայն Հիտլերը 1940 թ-ի վերջերին հաստատել է ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝ «Բարբարոս» ծածկանվամբ:

ԽՍՀՄ ղեկավար Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941 թ-ի ընթացքում չի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա և պատերազմի մասին խոսակցությունները համարում էր սադրանք: Բայց Գերմանիան, Մեծ Բրիտանիան նվաճելու փոխարեն, 1941 թ-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվում է Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններ սկսում են նաև Ռումինիան ու Ֆինլանդիան, պատերազմ են հայտարարում Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 27-ին՝ Հունգարիան: Իսպանիան թեև հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն խորհրդա-գերմանական ճակատ է ուղարկում «Երկնագույն դիվիզիան»: Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան: Սկսվում է խորհրդային ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը:

Խորհրդային զորքերը, ազատագրելով ԽՍՀՄ տարածքը, ռազմական գործողությունները տեղափոխում են ֆաշիստական զորքերի գրաված երկրներ: Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ: 1944 թ-ի հոկտեմբերին ամերիկյան զորքերն սկսում են Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից: 1945 թ-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսում են Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպում են Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի է դառնում, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվում է Բեռլինը: Մայիսի 8-ի` լույս 9-ի գիշերը ստորագրվում է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվում է պատերազմը Եվրոպայում (Իտալիան 1943 թ-ին դուրս էր եկել պատերազմից): Ավարտվում է նաև Հայրենական մեծ պատերազմը:

Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ. նրանց 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ2 տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50 միլիոն և հաշմանդամ դարձել 95 միլիոն մարդ: Հայրենական մեծ պատերազմը պատմության մեջ եղած պատերազմներից ամենածանրն էր․ պատերազմում զոհվել է ավելի քան 20 մլն խորհրդային քաղաքացի (Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը), ավերվել հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ։ Նյութական վնասը կազմել է 2569 մլրդ ռուբլի։

Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ 1941 թ. օգոստոսի 25-ին «Правда» թերթը՝ «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է» առաջնորդող հողվածում նշել է. «Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ քանիցս ենթարկվել է օտար բռնակալների հարձակումներին, նա գիտե, թե ինչ բան են կոտորածը, ավերը, սովը, բռնությունները։ Հայ ժողովուրդը չի մոռացել հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր Հիտլերի նախորդ Վիլհելմ կայսրը՝ Առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին։ Այդ նպատակով էլ, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեց պատերազմը, որն սկսել է Հիտլերը Խորհրդային Միության դեմ, ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքը»։

Պատերազմը սկսվելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60.000 հայ։ 1941 թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչների հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայեր։ Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր։

Խորհրդային Հայաստանում իրագործված ոազմամոբիլիզացիոն աշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում ազգային դիվիզիաների կազմավորումը։ 1941-1942 թթ. Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Ավելի վաղ՝ 1920-1922 թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեոնահրաձգային դիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ։ Դիվիզիայի 16.000-անոց անձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին։ 261-րդ դիվիզիան պատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը։ Թվով վեցերորդ հայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակզզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի։

Նրանցից առավել նշանավոր էին 89-րդ Թամանյանը (հրամանատար՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան) և 409-րդը (հրամանատարներ՝ Արտաշես Վասիլյան, Եվստասի Գրեչանի և ուրիշներ): Վերջինս, իր մարտական ուղին սկսելով Հյուսիսային Կովկասից, հասավ մինչև Ավստրիա և Չեխոսլովակիա, իսկ 89-րդը միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցում է նաև Բեռլինի գրավմանը:

Պատերազմին մասնակցած հայերից 66 հազար 802-ը ստացել են պարգևներ. 107 հայորդի արժանացել է ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, մնացած հայ մարտիկներն ու հրամանատարները պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով: 63 հայ գեներալ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարն էր: Հայ զորահրամանատարներից 4-ն արժանացել են մարշալի կոչման` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s